Իրենից մոնոլիտ ուժ չի ներկայացնում ոչ միայն Հայ ազգային  կոնգրեսը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ քաղաքական մրցակցության դաշտ դուրս գալու համար նրանք պետք է իրենց ներսում կոնսենսուսի գան։ Սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հանրապետական կուսակցության ներսում հակասություններ կան, եւ այդ հակասությունները շատ լուրջ են։ Լուրջ հակասություններ կան նաեւ ՀԱԿ-ում։ Մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ի քաղաքականությանն անհամաձայնություն հայտնած մարդիկ դուրս են գալիս նրա կազմից։ Սա խնդիր է ՀԱԿ-ի համար, բայց նա քիչ թե շատ լուծում է այդ խնդիրը»,- նկատեց Իսկանդարյանը՝ ավելացնելով նաեւ, որ դրան զուգահեռ՝ ՀԱԿ-ը շարունակում է հաստատակամորեն զբաղեցնել ռադիկալ ընտրազանգվածին «իրենով անելու» նիշան՝ այն չզիջելով ընդդիմադիր մեկ այլ ուժի։