Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկում է Սեւ ծովի հատակով «Հարավային հոսք» գազատարի շինարարության փոխարեն գազատարը կառուցել իր երկրի հարավով:

«Մենք առաջարկում ենք ճկուն մոտեցում` առանց «Հարավային հոսքի» շինարարության: Գազատարը պետք է անցնի Ուկրաինայի հարավով, ցամաքով»,- ասել է Յանուկովիչը Յալտայի միջազգային համաժողովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վկայակոչելով փորձագետների գնահատականները, նա հայտարարել է, թե «Հարավային հոսքի» շինարարությունը կարժենա 25 միլիարդ դոլար: «Այն ինչ մենք ենք առաջարկում, հինգ անգամ էժան կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

«Հարավային հոսք» նախագիծը, ինչպես եւ «Հյուսիսային հոսքը» միտված են նվազեցնել Ռուսաստանի կախվածությունն ուկրաինական տարածքից, իսկ Կիեւը նախագծերի իրականացման դեպքում կարող է կորցնել տարանցման եկամուտների զգալի մասը: «Հարավային հոսքը» ռուս-իտալա-ֆրանսիական նախագիծ է, որն անցնում է Սեւ ծովի հատակով` Նովոռոսիյսկից մինչեւ բուլղարական Վառնա, այնտեղից ճյուղավորվելով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: