Լիբիայի մայրաքաղաք այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ուրբաթօրյա նամազն եւ չի մոռացել քննադատել սիրիական իշխանություններին:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Լիբիայում Թուրքիայի վարչապետին դիմավորել են Լիբիայի անցումային ազգային խորհրդի նախագահը, փոխնախագահն ու Տրիպոլիում Թուրքիայի դեսպանը: Այնուհետ Էրդողանը զրահապատ մեքենաներով մեկնել է Նահատակների հրապարակ, որտեղ իրականացրել է ուրբաթօրյա նամազը:
Նամազից հետո Էրդողանը հանդես է եկել ելույթով՝ քննադատելով Սիրիայի նախագահին: «Այսօր ես ձեր հետ եմ: Սիրիայում էլ ժողովրդին բռնության ենթարկողները ոտքի վրա չեն մնալու: Արդեն տոտալիտար ռեժիմները գնում են եւ գալիս է ժողովրդի իշխանությունը:
Նշենք, որ նախօրեին Լիբիա էին ժամանաել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրանք առաջին եվրոպական երկրների ղեկավարներն են, որ այցելում են Տրիպոլի` Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո:



























