Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի կորպուսի հրամանատար, գեներալ Քերեմ Մուստաֆաեւի եղբորը` Նեմեթ Մուստաֆաեւին պատկանող նավթային բազան հրդեհվել է, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ինքնավար հանրապետության իր աղբյուրները: Աղբյուրը հայտնում է, որ կասկածներ կան, որ դա դիտավորություն է եղել, քանզի ինքնավար հանրապետությունում բոլոր բիզնեսները, հատկապես հսկայական եկամուտներ բերող նավթային բիզնեսը վերահսկում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով ավելի շատ հայտնի է «Նախիջեւանի խան» անվամբ: Սակայն Քերեմ Մուստաֆաեւը այնքան լուրջ դեմք է, որ կարողացել է խուսափել Թալիբովի վերահսկողությունից: Թալիբովի եւ Մուստաֆաեւի միջեւ մրցակցային, նույնիսկ թշնամական հարաբերություններ են ստեղծվել: Ինքնավար հանրապետությունում հայտնում են, որ գեներալի նավթային բազան հրդեհվել է «խանի» մարդկանց կողմից:

«Մուսավաթ»-ը նշում է, որ մոտ 10 օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումներ չեն եղել, որովհետեւ հրդեհի ժամանակ զոհվել է նավթային բազայում գտնվող երկու զինվոր: «Նրանք այրվելով մոխիր են դարձել»,- հայտնում է թերթի աղբյուրը:

Ընդհանրապես, Նախիջեւանում զինվորներին ներառում են բազմաթիվ աշխատանքների մեջ եւ օգտագործում որպես աշխատուժ: «Ըստ երույթին, Մուստաֆաեւը զինվորներին աշխատացրել է այդ բազայում: Պարզապես, նավթային բազայի հրդեհի հետեւանքով զոհված զինվորների մահվան լուրը չի հրապարակվում»,- գրում է «Մուսավաթ»-ը: