NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Ալի Ասլանի հոդվածը` հրապարակված թուրքական «Today`s Zaman»-ում:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Իսրայելն իրեն պահում է «երես առած երեխայի» նման: Սակայն ԱՄՆ-ի կառավարության կարծիքով, ոչ միայն Իսրայելը, բայց նաեւ Թուրքիան վերջին շրջանում գործում է նույն կերպ: Թուրքիայի եւ Իսրայելի ավագ եղբայր ԱՄՆ-ն, հավանաբար, թուրք-իսրայելական դիմակայության հետագա խորացման դեպքում երկու կողմերից առավել կտուժի: Ամերիկացիները համառորեն ջանք են գործադրում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, սակայն կողմերից եւ ոչ մեկը չի պատրաստվում նահանջել:

2000 թվականից ի վեր տեղ գտած մի շարք հիասթափություններից հետո ԱՄՆ-ն վերջապես գիտակցեց, որ համեմատաբար ինքնուրույն Թուրքիան իսկապես կարող է օգտակար լինել: Անկարայի հետ գործակցությունը Օբամայի վարչակազմին օգնում է կառավարել տարածաշրջանի իրադարձությունների զարգացումը եւ հետեւել Թուրքիային: Սակայն Վաշինգտոնում սկսում են անհանգստանալ, երբ Անկարան ԱՄՆ-ի հետ բարեկամության ամրությունը փորձում է ստուգել եւս մի բարեկամի` Իսրայելի հետ հակամարտության օգնությամբ:

Ես չեմ ակնկալում, թե Օբամայի վարչակազմը ընտրություն կկատարի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Ամերիկան Իսրայելի հետ կփորձի կանխել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում Պաղեստինի անկախության ընդունումը: Թուրքիային թշնամական հայկական եւ հունական լոբբիստական խմբերը կարող են բարդացնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի վարչակազմերի կյանքը: Թուրք-իսրայելական դիմակայությունը կօգտագործեն նաեւ հանրապետականները` Սպիտակ տանը եւս մեկ անգամ քննադատելու համար:

Թեեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունն ու առաջին հերթին նախագահ Օբաման կարեւորում են Թուրքիայի դերը, սակայն վաշինգտոնյան պաշտոնյաների միջին եւ ստորին օղակների վրա անհարթելի կնճիռներ թողեցին Իրաքի պատերազմի, Հայաստանի հարցի եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Անկարայի քաղաքականությունը:  

Այդ պաշտոնյաների համար, հնարավոր է` Թուրքիան հիմնախնդիրների գլխավոր աղբյուրն է, իսկ Իսրայելի հետ հակամարտությունը դրա եւս մեկ օրինակ է: Վաշինգտոնյան պաշտոնյաներից մի քանիսը թախիծով են հիշում այն օրերը, երբ աշխատում էին աշխարհիկ քեմալիստական վերնախավի հետ, որն իր կոռումպացված ու հակաժողովրդավարական ռեժիմի միջազգային ճանաչման դիմաց, ընդհանուր առմամբ, համաձայնում էր ԱՄՆ-ի հետ:

Այդ պաշտոնյաները կողմ չեն Իսրայելի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմանը, բայց նաեւ հիասթափված են Իսրայելի անհաշտ կեցվածքից: