Ծխախոտագործության ոլորտում տարեցտարի նկատվում է մշակվող տարածքների մեծացում, արտադրանքի ծավալների աճ, տեսականու ընդլայնում ու որակի բարձրացում: Այս մասին Արարատի մարզում, այսօր` սեպտեմբերի 16-ին, հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Սերկո Կարապետյանը: Նա Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի եւ «Մասիս տաբակ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադեւոսյանի ուղեկցությամբ, շրջել է ընկերության` Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող չորանոցում, ապա շրջել «Մասիս տաբակ» ընկերությունում:

Այստեղ գյուղատնտեսության նախարարին մանրամասնորեն ներկայացվել է արտադրական ողջ գործընթացը` հումքի ընդունումից մինչեւ ծխախոտի վերջնական փաթեթավորում եւ արտերկրից հրավիրված մասնագետների գլխավորությամբ սիգարի պատրաստում:

Նախարարը նկատել է, խորհրդային տարիներին զարգացած ծխախոտագործությունը թեեւ անկախացումից հետո որոշակի անկում ապրեց, սակայն, շնորհիվ Վարդանյան ընտանիքի, այսօր ունենք լավ արդյունքներ, մեծ պահանջարկ:

«460 հեկտարից այս տարի ծխախոտի մշակման տարածքները հասցվել են 800 հեկտարի»,- նշել է Սերգո Կարապետյանը`գյուղացիներին աջակցության հարցում Վադանյանների ընտանիքի դերակատարությունը համարելով օրինակելի մյուս գործարարների համար:

Իր հերթին «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը նշել է, որ ընկերությունը գրանցել է 50 տոկոսանոց աճ, եւ այս միտումը կշարունակվի, իսկ գործարանը պատրատ է ընդունել ստացված ողջ բերքն ու արտահանել արտադրանքը: