Թերթը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ:
Ընդդիմադիր դաշտում նույնպես տեղի են ունենում խմորումներ, այնպես որ առաջիկայում ականատես կլինենք հետզհետե ակտիվացող եւ դինամիկ քաղաքական զարգացումների` արդեն հրապարակային քաղաքականության մակարդակով։
Չե՞ք մանրամասնի` հնարավոր ի՞նչ վերադասավորումներ եք տեսնում իշխանական դաշտում։
Իշխանական դաշտում որոշակի միտում է նկատվում` թարմացնելու գոյություն ունեցող «ստատուս քվոն», հանդես գալու նոր դեմքերով։ Այս պահին կարծես թե ակտիվանում են գործող վարչապետը եւ մի քանի երիտասարդ հանրապետականներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, պետք է ապահովեն հրապարակային մասը։
Ինչ վերաբերում է ներիշխանական տարբեր թեւերի հարաբերություններին, այս պահին թույլ տվեք կանխատեսումներ չանել, որովհետեւ դինամիկ փոփոխվող այս իրավիճակում քաղաքական զարգացումների ընթացքը կախված է բազմաթիվ արտաքին եւ ներքին գործոններից, ընդհուպ միջանձնական հարաբերություններով պայմանավորված ինչ-ինչ գործընթացներից, որոնց մասին խոսելը դեռ վաղ է։
Մի բան պարզ է` իշխանությունների առերեւույթ ինքնավստահ կեցվածքը ավելի շուտ քողածածկույթ է, որի ներքո ընթանում են լուրջ վերադասավորումներ։ Իշխանական դաշտը ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին` անցել է լայնածավալ նախապատրաստական աշխատանքների։
Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումների, այդ գործընթացներում «Ժառանգության» տեղի ու դերի մասի՞ն ինչ կասեք։
Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում եւս խորքային զարգացումներ են ծավալվում։ Ընդդիմադիր թեւերից մեկը` ՀԱԿ-ը, վաղուց է սկսել նախընտրական արշավը` յուրօրինակ միջոցներով։ Արդարացի՞ է դա, թե՞ ոչ` հարցի մյուս կողմն է։
Միանշանակ է, որ ընտրություններին պատրաստվում է նաեւ Դաշնակցությունը` «Երկիր-Մեդիա»-ի վերջին շրջանի եթերային քաղաքականությունը դրա լավագույն ապացույցն է։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», մենք եւս ընտրությունների նախապատրաստրաստման փուլում ենք. ամրապնդում ենք մեր կուսակցական կառույցները, միաժամանակ գործուղել ենք մեծ թվով անձանց` մասնակցելու ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացներին, որպեսզի կարողանանք ամբողջ երկրով մեկ ապահովել ընտրական գործընթացի լիարժեք վերահսկողությունը։



























