Թերթը գրում է, որ Սյունիքի մարզում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի կառավարություն քննարկման է դրել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը Ռուսաստանին փոխանցելու հարցը: «Ռուստաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացնելու պայմանով մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կա`մ հավատարմագրային կառավարման սկզբունքով, կա`մ էլ սեփականության իրավունքով իր ձեռքը վերցնի համակարգը:
Հիշեցնենք, որ կառավարությունը գերմանական KfW բանկի հետ համատեղ արդեն իրականացնում է 51 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որով առաջիկա 5 տարիներին պետք է արդիականացվեն եւ վերազինվեն «Որոտան» կասկադի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» ՀԷԿ-երը:
Նշենք նաեւ, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը կարեւորագույն նշանակություն ունի ոչ միայն նրանով, որ թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, այլեւ` որ համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում:Բանավոր հարցմանը, թե տեղեկատվությունն արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը, 2 օրվա քաշքշուկներից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը փոխանցեց նախարար Արմեն Մովսիսյանի խոսքը. «Ոչ մի նման գործընթաց չկա»,-գրում է «Երկիր»-ը:


























