Միջազգային շուկայում ռեցեսիայի նոր ալիքն ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, որը շարունակում է հիմնվել տրանսֆերտների ու հանքահումքային ոլորտի վրա: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` «մեր տնտեսությունը պատրաստ չի լինի դրան` կառավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով»:

Ա. Մինասյանի ներկայացմամբ` միջազգային շուկայում վերջին բացասական զարգացումները պայմանավորված են «մեկ կենտրոնի փողի քաղաքականության փոփոխմամբ»: Այսինքն` դոլարն ու ամերիկյան տնտեսական քաղաքականությունն իր տեղը զիջում են եվրոպական, անգամ աֆրիկյան ու ասիական տնտեսական քաղաքականություններին: Արդյունքում` դոլարը թուլանում է, սակայն ամերիկյան կառավարությունը փորձում է ուժեղացնել դոլարը` իր գերիշխող դիրքը չկորցնելու համար:Խնդիրը, ըստ դաշնակցական պատգամավորի, բարդանում է նրանով, որ երկրների մեծ մասը չեն կարող էապես կրճատել սոցիալական ծախսերը, իսկ Իռլանդիայի նման երկրներում պարտքային խնդիրները արդյունավետ լուծում չեն ստանա: