Երեւանում, այսօր` սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ օժանդակության համաձայնագրերի երկու փաստաթուղթ  ստորագրվել:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեցին «ԱՄՆ կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» եւ «ԱՄՆ կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը մշակել է ամերիկյան կողմը` նպատակ ունենալով ավելացնել օժանդակության ծավալները /համապատասխանաբար` 8 310 000 եւ 8 791 720 ԱՄՆ դոլարի չափով/:

Համաձայնագրերի փաստաթղթերը ստորագրել են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տրգրան Դավթյանը եւ ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման: «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» եւ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագրերը կնքվել են 2010թ. օգոստոսի 6-ին: Համաձայնագրերով նախատեսված է ԱՄՆ-ի Կառավարության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը օժանդակության տրամադրում` ավելի մրցունակ եւ զանազանեցված  մասնավոր հատվածի ձեւավորման, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով: