Մեղվաբուծությունը Հայաստանում շատ լավ զարգացած է, իսկ հայկական մեղրը լավագույնն է աշխարհում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մուլտի Ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանը, ով նաեւ ղեկավարում է Հայաստանի մեղվաբույծների միությունը: Ռ. Ծառուկյանի տեղեկացմամբ` Հայաստանի մասնավոր տնտեսություններում ներկայում կան 500 հազ. մեղվաընտանիքներ, որոնցից ստացվում է մոտ 5 հազ. տոննա ապրանքային մեղր: Միայն «Մուլտի Ագրոյի» գիտաարտադրական կենտրոնն ունի 1000 մեղվաընտանիք:
Ռ. Ծառուկյանի խոսքով` «երանի» գյուղատնտեսության մյուս ճյուղերը նույնքան զարգացած լինեին, որքան մեղվապահությունը:Այս տարի թեեւ մեղրի արտադրությունը շատ հաջող է եղել, մեղրի արտահանում չի իրականացվում: Ռ. Ծառուկյանի մեկնաբանմամբ` պատճառը Բրյուսելի կողմից հատուկ համարանիշի ստացման հետ կապված խնդիրներն են, որ պետք է լուծվի կառավարության միջոցով: Այնուամենայիվ` մեղվապահները մեղրի իրացման խնդիր չունեն, քանի որ հանրապետության ներսում իրացումը շեշտակի ավելացել է:
«Նախկինում կարող էի վաճառել ամենաշատը տարեկան 3 տոննա մեղր, ներկայում 30 տոննան չի բավարարում»,- ասաց Ռ. Ծառուկյանը: Մեղվաբույծների միության նախագահն ասաց, որ հայկական լեռնային մեղրը լավագույնն է աշխարհում, քանի որ ստացվում է լեռնային բազմերանգ ծաղիկներից, թեեւ չժխտեց, որ որոշ մեղվապահներ չարաշահում են վստահությունը եւ շաքարավազով են սնում մեղուներին: Այլ երկրներում առավելապես տարածված է «միածաղիկ» մեղրը` արեւածաղկից , բամբակից կամ մանանայից եւ այլն: Ռ. Ծառուկյանի կարծիքով` հայկական մեղրի լավագույն օջախներն են Վայոց Ձորը, Սիսիանը, Գորիսը, Արագածոտնի մարզը: Ընդ որում` որքան բուսականությունը չոր է, այնքան ծաղիներից ստացած նեկտարը բարձրորակ է ու բուժիչ հատկություն ունի: Ինչ վերաբերում է մեղրի գնին` ապա «Մուլտի Ագրոն» այն իրացնում է կգ-ը 3000 դրամով: «Մեզ շատերն են ասում, թե ինչու մեղրը չեք թանկացնում, բայց Գագիկ Ծառուկյանը թույլ չի տալիս, քանի որ ժողովրդի գնողունակությունը դեռ բարձր չէ»,- ասաց Ռ. Ծառուկյանը:




























