Անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ էր:
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդի առաջապահ ստորաբաժանումներն առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ, արձակելով շուրջ 1600 կրակոց: Ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորման մեկ դեպք: Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին ժամը 16.25-ի սահմաններում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել ՊԲ եֆրեյտոր, 19-ամյա Վահե Ներսեսի Մանուկյանը:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների ադրբեջանական զինուժը եւս ունեցել է կորուստներ:
Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից, անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Հավելենք, որ խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:




























