Կատարակտի վիրահատությունը (աչքի ոսպնյակի պղտորումն է, որն ազդում է տեսողության սրության վրա), որը խիստ տարածված է տարեց մարդկանց շրջանում, թանկացել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները: Նրանց փոխանցմամբ` այդ վիրահատությանը հիմնականում դիմում են տարեցները եւ շատ դժվար է պետության կողմից ստացած թոշակով հոգալ այդ բոլոր ծախսերը, երբ վիրահատության եւ դեղորայքի գները օրեցօր թանկանում են:
NEWS.am-ը քաղաքացու զանգի հետքերով զանգահարեց տարբեր հիվանդանոցներ` պարզելու, թե որքանո՞վ են բարձրացել գները: Ա. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի փոխտնօրեն Մարինե Կանդայանը նշեց, որ փոխվել է վիրահատությունների մոտեցման ձեւերը: «Հին ձեւը շարունակում է մնալ 200 հազար դրամ, բայց քանի որ այժմ նախընտրում են վիրահատություններ անել ավելի ժամանակակից ձեւով, ավելի քիչ տրավմատիկ եւ ավելի նորագույն սարքավորումներով, այդ վիրահատություններն արժեն մինչեւ 270 հազար դրամ»,- նշեց նա:
Իսկ «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ի փոխտնօրեն Արմինե Խառատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ փետրվարից թանկացել է կատարակտի վիրահատությունը: Նրա խոսքով` վիրահատությունն այժմ արժե 170 հազար դրամ, դրա մեջ չի մտնում ոսպնյակի գումարը, իսկ նախկինում վիրահատությունը 130 հազար դրամ էր:Արմինե Խառատյանը թանկացումն այսպես բացատրեց. «Առողջապահության նախարարության չափորոշիչների համաձայն, թե որ ծառայությունից բժիշկը ինչքան աշխատավարձ պետք է ստանա եւ այդ տոկոսները ապահովելու համար` գները բարձրացել են»,- նշեց նա:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք գների աճ չեն արձանագրել, պարզապես ստվերային գումարը եկել է օրինական դաշտ: Նախարարությունից, ի պատասխան մեր հարցման, հայտնեցին, որ 2010թ. համավճարի պիլոտային ծրագրի ներդրումից հետո 2011թ. «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ում կատարակտների` համավճարով կատարվող վիրահատության գինը կազմել է 156 հազար դրամ, որից համավճարի գինը` 80500 դրամ է, իսկ ոսպնյակի գինը վճարվում է առանձին` կախված տեսակից:
Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն` կատարակտի վիրահատության գները եւ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ում եւ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում նույնն են եւ կազմում են 170 հազար դրամ: Իսկ 2011թ. մայիսից կենտրոնում սովորական եղանակով կատարվող կատարակտի վիրահատություններին զուգահեռ համավճարային եղանակով սկսեցին իրականացվել նաեւ կատարակտի վիրահատություններ նոր մեթոդով` ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով, որը նախկինում մտնում էր նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով կատարվող միջամտությունների մեջ: «Ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով կատարակտայի վիրահատությունների գինը կազմում է 230 հազար դրամ, որից համավճարի գինը` 154 500 դրամ է: Հավանաբար գների բարձրացման տպավորությունը ստեղծվել է այդ հանգամանքի հետեւանքով»,- հայտնեցին նախարարությունից:




























