Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։
Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ի՞նչ է կատարվել Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատում». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում




























