Ֆրանսիայի նախկին վարչապետ, ներկայումս Հավրի քաղաքապետ պարոն Էդուար Ֆիլիպի և նախկին նախարար, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լուոյի ուղեկցությամբ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:





























