Հայկական բիզնեսը դատապարտված է լինել ինտեգրացիոն միավորումների մասնակից, քանի որ Հայաստանի շուկան ինքնին փոքր է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։ Նրա գնահատմամբ՝ դա է եղել Եվրասիական տնտեսական միության ստեղծման հիմքը՝ մոտ 180 մլն մարդու համար առանց սահմանափակումների շուկա ստանալու համար։
Նա հավաստիացրեց, որ այժմ Ռուսաստանում կան եզակի հնարավորություններ, քանի որ եթե նախկինում շուկաները զբաղեցնում էին համաշխարհային նշանակության ապրանքանիշներ, ապա այս պահին այդ տեղը ակտիվորեն գրավում են հարեւան երկրների ապրանքանիշները: Փորձագետը Ռուսաստանի տնտեսական առաջնահերթություններից մեկը համարեց «Հյուսիս-Հարավ» միջանցքը՝ հիշեցնելով, որ Հայաստանին այդ նախագծին հաղորդակից դարձնելը վաղուց է քննարկվում։
«Շատ բան կախված է Հայաստանի իշխանություններից, ոչ ոք ոչ մեկին հրամայել չի կարող, բայց դրանում կա տնտեսական ներուժ։ Հասկանալի է, որ Հայաստանի մասին խոսելիս մենք խոսում ենք նաեւ 80 միլիոնանոց շուկայով Իրանի մասին»,-եզրափակեց Ռուսակովը։




























