Ամուլսարի շահագործման ծրագիրը միտված է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, որպեսզի տնտեսական ակտիվությունը կարողանա աշխուժացնել սահմանամերձ համայնքները։ Այս մասին համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, մարտահրավերներ կան ամենուր, ամբողջ աշխարհում։ Մենք կարծում ենք, որ այդ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ուժեղացնել տնտեսական ներուժը։ Այդ փաստաթղթի ստորագրման կարեւոր շարժառիթներից մեկը Հայաստանի անվտանգության ուժեղացումն է։ Մենք կարողացանք գործընկերների մոտ վստահություն ձեւավորել, որ Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նրանց ներդրումները երաշխավորված լինեն։ Ներդրվել են ապահովագրության մեխանիզմներ, ինչը նրանց լրացուցիչ վստահություն պետք է հաղորդի։ Կարծում եմ, որ բոլորը կշռադատել են իրենց ռիսկերն ու հնարավորությունները, ինչի շնորհիվ հաջողվել է խոշոր ներդրումներ ներգրավել Հայաստանում»,-նշեց նախարարը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին ստորագրել է 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական զարգացման բանկի եւ «Lydian Armenia» ՓԲԸ-ի հետ: Հայտարարվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Lydian Armenia» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։