Բնակարան կամ սեփական տուն կամ կոմերցիոն անշարժ գույք գնելիս գնորդին կարող են հետաքրքրել ձեռք բերվող գույքի վթարայնության մակարդակի եւ սեյսմակայունության մասին տեղեկությունները, հատկապես Թուրքիայում եւ Սիրիայում կործանարար երկրաշարժից հետո:
Banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանում են, թե ինչպես կարելի է նման տեղեկություն ստանալ, եւ առհասարակ սեյսմակայունության առումով ինչ իրավիճակ է Երեւանում եւ Հայաստանում, սեյսմակայուն շինարարության ինչ ստանդարտներ են գործում։
Սեյսմակայունության գոտիները եւ սեյսմակայուն շինարարության նորմերը
1. Մինչեւ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը Հայաստանում շենքերը նախագծվում էին 6-7 բալ ուժգնության երկրաշարժերին դիմակայելու համար։ Հետեւաբար, Երեւանում (եւ ողջ հանրապետությունում) շենքերի 80%-ը 6-7 բալ սեյսմակայունություն ունի:
2. 1994 եւ 2006 թ. ընդունվել են ՀՀՇՆ II-2.02.94 եւ ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերը, կազմվել է Հայաստանի սեյսմաշրջանացման քարտեզը, համաձայն որի երկիրը բաժանվել է երեք սեյսմիկ գոտիների։ Նոր նորմերը ըստ գոտիների նախատեսում էին մինչեւ 9 բալ սեյսմակայունություն։
3. Նորմերի մեջ վերջին փոփոխություններն արվել են 2020 թ․։ «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» ՀՀՇՆ 20.04-2020–ի համաձայն գոտիների նոր բաժանումը հիմնված է գրունտի ակնկալվող արագացումների հետեւյալ արժեքների վրա՝ 1. A=0.3g, 2. A=0.4g, 3. A=0.5g:
Երեւանը գտնվում է երկրորդ գոտում։
Ներկայումս կառուցապատողները խստորեն հետեւում են այս չափանիշներին, եւ Երեւանում նոր շենքերը նախատեսված են 9 եւ ավելի բալ ուժգնությամբ (նորմը առնվազն 9 բալն է) երկրաշարժի համար, նշում են banali.am-ի մասնագետները։
Ինչպե՞ս տեղեկություն ստանալգույքի սեյսմակայունության կամ վթարայնության աստիճանի մասին
1. Անշարժ գույքի տեխնիկական զննություն կարելի է պատվիրել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական, ֆիզիկական կամ անհատ ձեռնարկատերերին: Տեխնիկական զննություն կարող են պատվիրել պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, առանձին բնակարանների, մասնավոր տների, հասարակական եւ արտադրական շենքերի եւ շինությունների սեփականատերերը, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
2. Պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին շինարարական ծրագրեր իրականացնելիս պատվիրատուն պայմանագրային հիմունքներով ձեռք է բերում տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, եւ այդ տեղեկությունը փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ որոշ դեպքերում՝ Քաղաքաշինության կոմիտեին: Այսպիսով, այս շենքերի սեյսմիկ եւ վթարային վիճակի մասին տեղեկություն կարելի է խնդրել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ Քաղաքաշինության կոմիտեից:
3. Վթարային շենքերի եւ շինությունների վերաբերյալ տեղեկություն (առկայության դեպքում) կարող է տրամադրվել կոնկրետ հասցեների մասով՝ քաղաքացու կողմից կատարվող հարցումների հիման վրա՝ տեղական ինքնակառավարման մարմիններ դիմելու միջոցով։
Ըստ այդմ, ի՞նչ վիճակ ունենք հիմա
1. Նորակառույցներն ամենավստահելիներն են եւ սեյսմակայունության տեսանկյունից բավականին բարձր դիրքերում են։ Ի տարբերություն հին շենքերի, որոնց կյանքի տեւողությունը ավարտին է մոտենում կամ մոտեցել, դրանք նոր են եւ, և որ ավելի կարեւոր է, կառուցվում են սեյսմակայունության ավելի բարձր ստանդարտներով եւ քաղաքաշինական ավելի ճիշտ նորմերի համապատասխան:
2. Հին շենքերի դեպքում, կա կարծիք, որ այսպես կոչված «ստալինկաներ»-ը համեմատաբար պակաս ռիսկի խմբում են, քանի որ միջհարկային փայտե ծածկը (բաղդատ) նրանց ճկունություն է հաղորդում։ Համեմատաբար պակաս ռիսկի խմբում են նաեւ հինգ հարկանի քարե շենքերը։ Իսկ պանելային բարձրահարկերը ամենառիսկայինն են:
Բայց իրականում որքան էլ նման մոտեցումը տրամաբանական թվա, կան մի շարք գործոններ եւ պարամետրեր, ըստ որոնց՝ շենքերը, անկախ տեսակից, դասվում են ռիսկի այս կամ այն խմբերում:
Ընդունված է տարանջատել շենքերի վնասվածության երկու բարձր աստիճան՝ 3-րդ, երբ շենքը կարելի է շարունակել շահագործել, համապատասխան ուժեղացման, վերականգնման միջոցառումների իրականացման միջոցով եւ 4-րդ, երբ շենքը ենթակա է քանդման։
Ողջ հանրապետության տարածքում 524 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն, որից 113-ը Երեւանում եւ 90 շենք՝ 4-րդ աստիճանի վնասվածություն (այսինքն՝ քանդման ենթակա են), որից 7-ը՝ Երեւանում:
Սակայն սեյսմակայունության պատկերը բնութագրելու համար միայն վթարային շենքերի քանակին անդրադառնալը բավարար չէ: Բանն այն է, որ մյուս շենքերը, որոնք որակված չեն որպես այս կամ այն աստիճանի վթարային, միեւնույն է՝ սեյսմակայունության տեսանկյունից խոցելի են, քանի որ դրանք նախագծվել են 7 բալ սեյսմակայունության համար։ Անգամ եթե 7 բալի համար նորմերը շինարարության ընթացքում լավագույնս պահպանվել են, ի սկզբանե, շահագործման հանձնման առաջին իսկ պահից այդ շենքերը արդեն իսկ եղել են խոցելի:
Ինչպե՞ս է վերահսկվում նորմերի պահպանումը նորակառույցներում
Քաղաքաշինական նորմերը՝ այդ թվում սեյսմակայունության պահանջները, անցնում են տեխնիկական վերահսկում եւ մանրազնին փորձաքննություն՝ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների եւ փորձագետների կողմից, ընդ որում, ոչ միայն շենքը շահագործման հանձնելիս, այլեւ շինարարության ընթացքում։ Ավելին, նորակառույցներն անցնում են փորձաքննություն դեռեւս նախագծման փուլում, որոշ դեպքերում՝ կախված ռիսկայնության աստիճանից՝ «երկփուլ» փորձաքննություն։ Խախտումներ կամ անհամապատասխանություններ արձանագրելու դեպքում նախագիծը հետ է ուղարկվում լրամշակման կամ, եթե խոսքն արդեն շինարարության փուլի մասին է, չի տրվում շահագործման հանձնելու դրական եզրակացություն։ «Այո՛, նման դեպքեր կան, ինչը վկայում է, որ վերահսկողություն իրոք իրականացվում է, այն ձեւական բնույթ չի կրում»,- ասում են banali.am-ի մասնագետները։
Հարկ է նշել նաեւ, որ ոլորտի մասնագետների համար պարբերաբար իրականացվում են համապատասխան դասընթացներ, օրինակ՝ Քաղաքաշինության կոմիտեի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կազմակերպվող «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» խորագրով վերապատրաստման անվճար դասընթացները։
Ի՞նչ է նախատեսվում ապագայում
Նախատեսվում է ներդնել շենք-շինությունների անձնագրավորման գործընթաց եւ միասնական թվային բազայի ստեղծում, ինչը թույլ կտա օպերատիվ, ճշգրիտ եւբազմակողմանի ուհամապարփակ պատկեր ունենալ բոլոր շենքերի վերաբերյալ, ըստ այդմ պլանավորել անելիքների ողջ ծավալը, առաջնահերթությունները եւ լուծման մեխանիզմները:
Հնամաշ ֆոնդի ռենովացիայի հնարավոր մեխանիզմներից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացման դիտարկումն է, ինչի արդյունքում քանդվող շենքի տեղում կառուցվում է նոր՝ ավելի բարձր շենք, հին շենքի բնակիչները բնակվում են նույն վայրում կառուցված նոր շենքում, իսկ ավել հարկերն էլ կառուցապատողին թույլ են տալիս շահույթ ունենալ: Մասնավոր-պետություն պոտենցիալ մոդելը եւ տարբերակները քննարկման փուլում են:
Վթարային շենքերում բնակարանների վաճառքը
Անշուշտ բնակարանատերերի համար դժվար կլինի վաճառել իրենց բնակարանը 3-րդ կամ առավել եւս 4-րդ աստիճանի վթարային շենքերում։ Կախված վերանորոգման աստիճանից եւ գտնվելու վայրից, լավագույն դեպքում դա հնարավոր կլինի անել շատ ցածր գնով կամ էլ միակ լուծումը կմնա այն վարձակալության հանձնելը՝ որոշակի եկամուտ գեներացնելու նպատակով, ակնկալելով, որ մի օր իրենց գույքը կփոխարինվի նորով:
Banali.am-ի մասնագետները, անշարժ գույքի հետ կապված գործարքների համար նրանց հետ կապվելիս, բացի հիմնական ծառայություններից, պատրաստ են նաեւ աջակցել կոնկրետ անշարժ գույքի սեյսմակայունության/վթարայնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու հարցում:
www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալելցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը:Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:
Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի:




























