Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն այսօր` սեպտեմբերի 19-ին երկրորդ երթն են արել ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի:
Երթը մեկնարկել է ՀԱԿ-ի` Կորյունի փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակից, անցել Ազատության հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հյուսիսային պողոտայով եւ եզրափակվել Սարյանի այգում, որտեղ ամեն երեկո ՀԱԿ ակտիվիստները քաղաքական զբոսանք են անում:
Երիտասարդ ակտիվիստները «Առանց քաղբանտարկյալների Հայաստան», «Ազատություն Տիգրան Առաքելյանին» եւ այլ գրառումներով պաստառներ են պահել, նաեւ վանկարկել են:
Նշենք, որ Տիգրան Առաքելյանն անազատության մեջ է գտնվում օգոստոսի 9-ից: Նրան եւ ՀԱԿ եւս 6 ակտիվիստների ձերբակալել եւ տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ մեղադրանք էին առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Մյուս ակտիվիստներին ազատ էին արձակել ստորագրությամբ, իսկ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր:
Հայ ազգային կոնգրեսն առկախել է իշխանության հետ երկխոսությունը` պահանջելով աանհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Նշենք նաեւ, որ այսօր ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը սեպտեմբերի 16-ին ուղարկվել է ՀՔԾ` նախաքննությունը շարունակելու համար:




























