Հունաստանում երկաթուղային վթարի զոհ է դարձել 46 մարդ, տեղեկացրել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վատրակոյանիսը։

«Որոնողա-տարհանման աշխատանքները երկաթուղային վթարի վայրում շարունակվում են նաեւ այսօր։ Հրշեջ հաշվարկների գործողությունները ներկայում կենտրոնացած են վագոն-ռեստորանի վրա, որը ճզմվել է ուղեւորատար վագոնի հետ բախումից։ Այսօր առավոտյան այդտեղից դուրս է բերվել յոթ այրված մարմին։ Ներկա պահին զոհվածների հաստատված թիվը կազմում է 46»,- տեղեկացրել է Վատրակոյանիսը։

Նրա խոսքով՝ որոնումների շարունակման համար հարկավոր է մետաղը կտրել հատուկ սարքերով եւ հեռացնել վագոնների մետաղական մասերը։

Մարտի 1-ին, կեսգիշերին մոտ, Աթենքի եւ Սալոնիկի միջեւ, Լարիսա քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել նույն ճանապարհին հայտնված բեռնատար եւ ուղեւորատար գնացքների դիմահար բախում։