Վրաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր` աշխարհագրական անվանումների եւ ապրանքանիշների փոխադարձ պաշտպանության մասին: Այդ մասին APA-ին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանության գլխավոր խորհրդական Բեքա Չխեիձեն:

Խորհրդականի խոսքով, Վրաստանի Մտավոր սեփականության ազգային կենտրոնի վերջին քայլը խոսում է այն մասին, որ վրացական անվանումներ կրող ապրանքները պետք է պատրաստվեն միայն Վրաստանից բերված ապրանքներից եւ որոշակի բաղադրատոմսով: Օրինակ, խմիչքը, որի վրա գրված է «Վրացական գինի» պետք է պատրաստվի Վրաստանում աճեցվող խաղողից: Չխեիձեն հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներս փաստաթուղթը պատրաստ է լինելու: Դիվանագետը հիշեցրել է, որ Վրաստանում պատենտավորվել է մոտ 30 ազգային ապրանք եւ ապրանքանիշ: Դրա մեջ են մտնում վրացական խաճապուրին, ճաճան, չուրչխելան եւ այլն: