Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է 2022թ. կատարված հիմնական միջոցառումներին և արդյունքներին:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական, պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում:
Գրիգոր Մինասյանը նշել է, որ 2022 թվականին մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր բաց, մասնակցային գործընթացը: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ոչ միայն պետական մարմինների, այլ նաև քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Արդեն իսկ որոշումներ են կայացվել խորհրդարանական կառավարման ձևը որպես հայեցակարգային ուղղություն ընտրելու վերաբերյալ:
Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վերհանված խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերը, որպեսզի ավելի անխոչընդոտ իրացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:
Դատաիրավականրական բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանն նշել է, որ ընդունվել է ոլորտային նոր ռազմավարություն` նոր մեթոդաբանությամբ:
Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատներ, ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ողջ շղթան:
Երևան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական և քրեական դատարանները:
Բարձրացվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը:
Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով՝ նախատեսվել են դատավորների ներգրավման նոր ճկուն ընթացակարգեր:
Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը, մի շարք գործեր, օրինակ արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումը, դուրս են բերվել դատարանների քննությունից: Արդյունքում ակնկալվում է բարելավել ողջամիտ ժամկետում գործերի քննությունը դատարաններում:
Ամբողջությամբ ավարտվել են դատարանների մի շարք շենքերում նորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Շենքերը հագեցվել են անհրաժեշտ նյութատեխնիկական և կահավորման բոլոր միջոցներով և հանձնվել շահագործման։
Բարելավվել է հաշտարարության ինստիտուտը: Մի շարք ընտանեկան գործերով նախատեսվել է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ: Բացառություն կկազմեն միայն այն գործերը, որոնցում առկա է ընտանեկան բռնության տարր: Ավարտին են հասցվում Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որով ցանկացած անձ կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ իր կատարողական վարույթի վերաբերյալ:





























