45․000 բնակչության համար նախատեսված Defanse բնակելի թաղամասի կառուցման առաջին փուլի ավարտին՝ 2025 թվականին, նախատեսվում է շահագործման հանձնել 66 բնակելի շենք։ Թաղամասի կառուցապատումը մեկնարկել է նախորդ տարվա հուլիսին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Defanse Housing Invest ՓԲԸ մարկետինգի եւ գովազդի տնօրեն Մարինա Բաբախանյանը։
Նոր թաղամասը կառուցվում է Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին հարող տարածքում։ Մարինա Բաբախանյանի խոսքով, ծրագրվում է պետության հետ համատեղ կառուցել թաղամաս տանող արագընթաց ավտոճանապարհ՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը հատող և Տիչինայի փողոցին զուգահեռ։
Թաղամասի ջրա եւ գազամատակարարումը ապահովելու համար կառուցվել են նոր ջրատար եւ գազատար։ Սակայն գազն օգտագործվելու է միայն կաթսայատների աշխատանքի եւ կենտրոնացված ջեռուցումն ապահովելու համար։ Բնակարաններում գազ չի լինելու անվտանգության նկատառումներից ելնելով։
«140 հեկտարի վրա կառուցում ենք նոր բնակելի թաղամաս։ Տարածքի 23-25%-ը կանաչապատվելու է։ Այս տարի շահագործման ենք հանձնելու 20 հա մակերեսով այգի-պուրակը, որի համար Իտալիայից բերել ենք 1500 սոսիներ։ Ունենալու ենք վազքուղի, հեծանվուղի, այսինքն մարդու առողջ ապրելակերպի համար նախատեսված ամեն բան», - ասաց նա։
Ընդհանուր նախագծի իրականացումը, որը ներառում է բնակելի շենքերի, առեւտրի կենտրոնի, սպորտային համալիրի, ախտորոշիչ եւ ուռուցքաբանական բժշկական կենտրոնների, պետական եւ մասնավոր մանկապարտեզների, դպրոցների եւ այլ հաստատությունների կառուցում, կտեւի մոտ 8 տարի․ «Ուսումնասիրել ենք մեր երկրի պահանջները, ընտրվել է, որ պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական համալիր։ Երկուսն էլ փորձելու ենք, որ լինեն միջազգային ընկերությունների ներկայացուցչություններ», – պարզաբանեց նա։
Թաղամասի տեղանքն ընտրվել է սեյսմակայունության պահանջներին համապատասխան՝ Defance-ն ամբողջությամբ գտնվում է մոտ 200մ խորությամբ բազալտային շերտի վրա․ «Իրականացրել ենք բազալտային շերտի համասեռություն, որպեսզի երկրաշարժի դեպքում ալիքը համասեռ տարածվի տարածքում, ինչպես նաեւ 130 սմ և ավելի բետոնային լիցք, որը ապահովելու է շենքերի կայունությունը», – ասաց Մարինա Բաբախանյանը։
Համալիրում կառուցվելու են 15,16 և 23 հարկանի շենքեր։ Բնակարանների մակերեսը սկսվում է 50,8 քառակուսի մետրից մինչև 192 քառակուսի մետր։ Քառակուսի մետրի արժեքը սկսվում է 430․000 դրամից, որը 2–րդ հարկերի գինն է, 3-րդ հարկում քառակուսի մետրն արժե 435000 դրամ եւ հարկերի հետ ավելանում է մինչև 525 հազար դրամ։
«Առաջին փուլի համար ունենք 6700 բնակարան, որից վաճառվել է 10 տոկոսից ավելին։ Առաջին փուլով շահագործման ենք հանձնելու նաեւ պետական մանկապարտեզ ու պետական դպրոց։ Նաև հանձնելու ենք մասնավոր դպրոցը, ունենք պայմանավորվածություններ Երեւանի հայտնի դպրոցների հետ, որոնք հետաքրքրված են իրենց մասնաճյուղը ունենալու մեր թաղամասում», – ասաց նա՝ հավելելով, որ արդեն ներդրվել է 10 մլրդ դոլար, եւ այս գումարը գնալով մեծանում է։




























