Չեխիայի եւ Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը եւ Զուզանա Չապուտովան ուրբաթ այցելել են Կիեւ, տեղեկացրել է blesk.cz պորտալը։
Երկու պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ կհանդիպեն նրա կառավարության ղեկավարներին։ Այս համատեղ այցը նախատեսվել է հունվարին Պավելի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներով ուղեւորության ժամկետի մասին նախապես չի հայտարարվել։
Չեխիան եւ Սլովակիան Ուկրաինային համակողմանի օգնություն են ցուցաբերում։ Նրանց նախագահներն այցի ընթացքում մտադիր են նորից աջակցություն հայտնել Կիեւին։
denikn.cz լրատվական պորտալն, իր հերթին, հիշեցրել է, որ Չեխիայի նախագահն առաջին անգամ Ուկրաինայում է 2013թ. հոկտեմբերից հետո, երբ այդ երկիր էր այցելել նրա նախորդը՝ Միլոշ Զեմանը։ Պավելը եւ Չապուտովան, ինչպես տեղեկացրել է պորտալը, Կիեւ են եկել գնացքով։ Նրանք կայցելեն Կիեւի մերձակա որոշ շրջաններ։ Պետությունների ղեկավարները մտադիր են նաեւ հանդիպել Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ, նշել է պորտալը։





























