Իսրայելի Կնեսեթը սկսել է բողոքներ ստանալ թուրք-հրեաների կողմից, ովքեր հայտնում են, որ մահմեդական գործարարներն իրենցից «Գազայի հարկ» եւ «Մավի Մարմարայի համար փոխհատուցում» են գանձում, հայտնում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով «Մաարիվ» թերթը։

Համաձայն Թուրքիայի հրեա ձեռնարկատերերի վկայությունների, ովքեր գործարքներ են կնքել մահմեդական գործարարների հետ, վերջիններս վճարում են միայն հաշիվների մի մասը, իսկ պահանջին՝ պարտքն ամբողջությամբ մարել, հայտարարում են, որ այդ գումարները գնացել են «Գազայում տուժածներին օգնություն տրամադրելուն»։

«Մաարիվը» հայտնում է, որ մոտ օրերս Կնեսեթում այս հարցի առնչությամբ քննարկում կլինի։ Կնեսեթի հայրենադարձության հանձնաժողովի նախագահ Դանի Դանոնը թուրքական կառավարությունից պահանջել է հանդես գալ «հրեական հարկի» դեմ, որը կարող է դառնալ Թուրքիայում հակահրեական օրենսդրության առաջին քայլը։ Համաձայն հրեական համաշխարհային կոնգրեսի գնահատականների՝ Թուրքիայում շուրջ 23 հազար հրեա է բնակվում, մեծամասամբ՝ Ստամբուլում։

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները սրվել էին, երբ Թել Ավիվը հրաժարվել էր պաշտոնապես ներողություն խնդրել 2010 թվականի մայիսին «Մավի Մարմարա» նավի գրոհի ժամանակ զոհված տասը թուրքերի համար։ Այդ հայտարարությունից հետո Թուրքիան հայտարարել էր իսրայելցի դիվանագետների արտաքսման մասին։