Բեռլինում, սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ եւ նրան հրավիրել Հայաստան: Վերջինս ընդունել է հրավերը: 

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է հղել Գերմանիայի ազգային գալիք տոնի` Միասնության օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է Գերմանիայի հետ  հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորություն է տալիս ԵՄ Արեւելյան գործընկերությանը, որը մեկնարկել է 2009 թ. մայիսին: «Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին եւ ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում», -ասել է Հովիկ Աբրահամյանը: 

Հովիկ Աբրահամյանը եւ Նորբերտ Լամմերթը կարեւորել են Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի համար իրականացվում է 2008 թ.-ից: Այն Հայաստանի երիտասարդների համար Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կառուցվածքին մոտիկից հաղորդակից դառնալու լավ հնարավորություն է:  

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` պարոն Լամմերթը նշել է, որ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձեւ, որտեղ նաեւ նշվել եւ դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունը այդ հարցում: Բունդեսթագի ղեկավարը նշել է, որ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին Բեռլինում մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված արարողությանը, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շրջայց է կատարել Բունդեսթագի շենքում: