Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի արած կոչը Բաքվում կմնա անարձագանք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին: 

Նրա կարծիքով, Թուրքիան այդ հայտարարությամբ փորձում է Ադրբեջանին ներքաշել իր խաղերի մեջ` խաղարկելով հակաիսրայելական խաղաթղթերը. «Սակայն չի ստացվի այդ խաղի մեջ ներքաշել Ադրբեջանին, քանի որ Բաքուն շահագրգռված չէ Իսրայելի հետ հարաբերությունները վատացնելու մեջ: Իր հերթին, Իսրայելը չեզոքություն կդրսեւորի կովկասյան հակամարտություններում, որովհետեւ, մեղմ ասած, հրեաների գործը չէ դատել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում եղած ողբերգությունը»:

NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել էր, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի հարաբերություններն Իսրայելի հետ:  

Փորձագետների կարծիքով, այդ հայտարարությունը սպասելի էր եւ Քըլըչի նման լուրջ դիվանագետը, եթե այդպիսի քայլի է գնացել` նշանակում է թեման քննարկվել է հենց Անկարայում: