Մադրիդում փող շորթելու մեղադրանքով երկու վրացի է ձերբակալվել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները, նրանցից երկուսն էլ վրաց-ռուսական մաֆիայի անդամ են եղել:
Մեղադրյալները փորձել են ոմն ձեռնարկատերից սպառնալիքի գործադրմամբ խլել 70 000 ԱՄՆ դոլար: Նրանք թաքնվել են ձեռնարկատիրոջ տան մոտ այնքան ժամանակ, մինչեւ նրա կինն ու որդին դուրս են եկել տնից: Հանցագործները կապկպել են նրանց եւ փակել բերանները: Այդուհանդերձ, զոհերից մեկը կարողացել է սեղմել ազդանշանի կոճակը, որին անմիջապես արձագանքել է տեղի ոստիկանությունը` ձերբակալելով երկու հանցագործներին:
Ըստ գործակալության, պարզվել է նաեւ, որ վրացիների հետ ձերբակալվել է նաեւ Իսպանիայի քաղաքացի, ով վարել է մեքենան եւ վրացիներին տարել է կողոպուտի վայրը:
Իսպանիայի քաղաքացուն ոստիկանությունն ազատ է արձակել, իսկ վրացի հանցագործները, որոնց անունները ոստիկանությունը դեռ չի բարձրաձայնում, նախնական կալանքի տակ են:




























