Ղարաբաղյան հիմնախնդիրն ըստ սահմանման` չհանգուցալուծվող հակամարտություններից է, բայց այն կարող են լուծել միայն Բաքուն, Երեւանը եւ Ղարաբաղը, ուրիշ ոչ ոք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:  

«Տվյալ դեպքում, ինչքան քիչ լինեն ուրիշների արյան, տառապանքների ու հիմնախնդիրների հաշվին շահ կորզելու ցանկություն ունեցողները, այնքան լավ: Նրանք, ովքեր փորձում են գտնել հիմնախնդրի լուծումը` մտածել են, մտածում են եւ մտածելու են միայն սեփական շահի մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ն ի վիճակի չեն լուծել այս խնդիրը»,- հայտարարեց Սատանովսկին:

Նա նաեւ նկատեց, որ եթե Թուրքիան, կամ Իրանն իրականություն դարձնեն երազանքները եւ վերաճեն Օսմանյան կայսրության, կամ Պարսից կայսրության, ապա կբռնազավթեն տարածաշրջանը:

«Իհարկե, կարշավեն Էրդողանի նոր ենիչերները, կամ Ահմադինեժադի զորքերը, ուրախությամբ կոչնչացնեն բոլոր հայերին եւ ադրբեջանցիներին, կանեն դա պոլիտկոռեկտ ձեւով, եւ այդ ժամանակ հակամարտությունը կհանգուցալուծվի»,- հայտարարեց քաղաքագետը` նկատելով, որ այդպիսի հավակնություններ երկու երկրներն էլ ունեն:

Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության տեղորոշիչ կայաններ տեղակայելու որոշումն այս դասավարությունում Վաշինգտոնին դարձնում է Թուրքիայի դիրքորոշման դաշնակից. «Հետեւաբար, Էրդողանն ինչ էլ անի Մերձավոր եւ Միջին Արեւելքում` ամերիկացիներին այդ ռադարը պետք է, քանի որ հավասարակշռում է Իրանի գլխավորած շիիթական խումբը»:

Սատանովսկու կարծիքով, 2010թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի է ունեցել թավշյա իսլամական հեղափոխություն, որն անցել է սահմանադրական հանրաքվեի անվան տակ: Սակայն այդ հեղափոխությունը չի ենթադրում, թե նոր Թուրքիան ավելի վատը կլինի, քան աշխարհիկ ու քեմալիստական Թուրքիան. «Կոշտ ազգայնամոլությունը միշտ բնորոշ է եղել Թուրքիային, եւ դրա վկայություններն են Հայոց ցեղասպանությունը, հույների վտարումը, գրեթե բոլոր էթնիկ խմբերի հետ ունեցած խնդիրները, բռնաճնշումները քրդերի նկատմամբ: Բայց, ցավոք, այսօրվա Թուրքիան, որն ընտրել է քաղաքական իսլամի ուղին, շարիաթի եւ ԵվրոՀՀՊ ռադարի համակարգի առկայությամբ  այլեւս չի լինի Արեւմուտքի մաս եւ կդառնա նոր իսլամական Մերձավոր Արեւելքի առաջատարներից մեկը, իսկ դա չափազանց վտանգավոր է հարեւանների համար»:

Սատանովսկին նաեւ նկատեց, որ Թուրքիան Բաքվի նկատմամբ անընդմեջ վարում է սադրող քաղաքականություն` նպատակ ունենալով Ադրբեջանը դարձնել մեծ համաթրքական կայսրության մաս: