Պատերազմ տեսած, անվտանգության բարդ մթնոլորտ ունեցող Ադրբեջանում պետք է ուժային կառույցներում լուրջ առաջընթաց գրանցվեր, սակայն նման փոփոխություններ չեն նկատվում: Նման կարծիք է հայտնել Անվտանգության հարցերով ադրբեջանցի փորձագետ Սուլհեդին Աքբերը, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Փորձագետը նաեւ արձանագրել է, որ Ադրբեջանի հետախուզության եւ հակահետախուզական ոլորտներում որեւէ առաջընթաց չի եղել:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի տարբեր ոլորտները ղեկավարող նախարարները նշանակվել են դեռ Հեյդար Ալիեւի ժամանակաշրջանից: Նրանցից շատերը իրենց պաշտոնները զբաղեցնում են 16-ից 17 տարի շարունակ: Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին մի քանի նախարարներ են փոխվել: Մասնավորապես նա փոխել է Առողջապահության, Ազգային անվտանգության, ֆինանսների, մշակույթի նախարարությունների ղեկավարներին:

Սակայն նախարարների փոփոխությունը դրական չի անդրադարձել այդ նախարարությունների գործունեության վրա: Մասնավորապես վերջին տարիներին աճել է Ադրբեջանի ազգային անվտանգության սպառնալիքների թիվը: Անհասկանալի է, թե ինչո՞ւ նախարարների փոփոխությունը համակարգային փոփոխության չի հանգեցնում, հարց է բարձրացնում «Ազադլըգ»-ը: Այդ հարցի կապակցությամբ հայտնի հրապարակախոս Մեհրիբան Վեզիրը նշել է, որ Ադրբեջանում կադրային փոփոխությունները որեւէ դրական արդյունք չեն ունեցել: «1993 թվից մենք դա տեսնում ենք: Հնարավոր չէ լավատես լինել: Ոչինչ փոխել հնարավոր չէ: Այս վարչակարգը որեւէ ձեռքբերում չի ունեցել»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական թերթը: