Ստամբուլահայերի կողմից ավանդաբար իրականացվող «Հարգանքի սփռոց» -ն այս տարի կազմակերպել էր Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայերի կողմից մեծ հետաքրքրություն  ցուցաբերվող միջոցառումն իրականացվել է Սամաթիայի հայկական եկեղեցում, որտեղ Շիշլիի քաղաքապետը Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից պարգեւի է արժանացել:

Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլն իր խոսքում գոհունակություն է հայտնել ստացած պարգեւի համար՝ նշելով, թե այդ պարգեւը համաքաղաքացիների առջեւ ավելի է պարտավորեցնում:

Նշենք, որ այս տարվա մայիսին Շիշլիի քաղաքապետը Պոլսո Հայոց պատրիարքարանի 550-ամյակի տոնակատարությունների շրջանակում ստացել էր Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ:

«Ձեզի շատ գսիրեմ»,- իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր  Մուսթաֆա Սարըգյուլը` դառնալով այդ մեդալն ստացող առաջին մահմեդականը: