Այսօր` սեպտեմբերի 29-ի գիշերը, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի ջնջխված վերքով, ձախ ձեռքի ծղիկոսկրի կոտրվածքով եւ ուղեղի ցնցումով իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Ծաղկաբեր գյուղի բնակիչներ, եղբայրներ` 26-ամյա Հովիկը եւ 25-ամյա Հակոբը: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ճանապարհին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հակոբը հաղորդում է տվել, որ իրեն պատկանող «Շեւրոլե Նիվա-2123» մակնիշի ավտոմեքենայով սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում իրեն եւ եղբորը Գեղասար գյուղին հարակից տարածքում կանգնեցրել են 3 անծանոթ տղամարդիկ եւ խնդրել իրենց տեղափոխել քաղաք Վանաձոր, սակայն իրենք հրաժարվել են: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ անծանոթները ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրանց ու պատճառել նշված վնասվածքները:Եղբայրներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն:




























