Հայտնի են այսօր` սեպտեմբերի 29-ին, Վարշավայում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովի հնարավոր մասնակիցների անունները:
Ուկրաինական «Զավտրա» հրատարակչության դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով, գագաթաժողովին մասնակցելու է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:
Եվրոպական միության շատ երկրներ ներկայացված են լինելու կառավարության ղեկավարների մակարդակով, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի եւ Իտալիայի, որոնք ներկայացնելու են, համապատասխանաբար, փոխվարչապետ Նիքոլաս Քլեգը, արտգործնախարար Էրատո Կազակոու Մարկուլիսը եւ ԱԳՆ պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկան:
Գերմանիան ներկայացնելու է կանցլեր Անգելա Մերկելը, իսկ Ֆրանսիան` կառավարության ղեկավար Ֆրանսուա Ֆիյոնը:
Գագաթաժողովին ակնկալվում է Եվրոպական խորհրդարանի ղեկավար Յեժի Բուզեկի, ԵՄ-ի խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզուի եւ ԵՄ` արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս մասնակցելու է Լեհաստանում կայանալիք «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովին: ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ են մտնում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան:




























