Եվրամիությունը կարող է պարզեցնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: Այդ մասին հայտարարել է ԵՄ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը` Եվրախորհրդարանում Թուրքիա-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա:

Նիստի ժամանակ քննարկվել են Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու հեռանկարները, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցումը, ինչպես նաեւ Կիպրոսի հանրապետության եւ Թուրքիայի միջեւ առկա խնդրի սրումը: Նիստին մասնակցել է նաեւ Եվրոպական հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը, հաղորդում է APA-ն:

Սեսիլիա Մալմսթրեմը նշել է, որ ԵՄ-ն կարող է պարզեցնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: Մալմսթրեմը հայտնել է, որ նման փոփոխություններ կարող են տեղի ունենալ մոտակա ժամանակներս, որի շրջանակներում թուրք ուսանողների եւ գործարարների համար «մուլտիվիզայի» ձեռքբերման գործընթացը կպարզեցվի: