Նախագահական առաջիկա ընտրություններին Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` հրաժարվելով սակայն նշել իրենց ապագա թեկնածուի անունը:
Խոսելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ՀՅԴ-ում նման քննարկում դեռ չկա: «Նման դիմում, առաջարկ չի եղել ոչ անձնապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, ոչ էլ Վարդան Օսկանյանի: Վարդան Օսկանյանն ինքնուրույն քաղաքական անձ է, եւ չեմ կարծում, թե ինչ-որ մեկի շահերն է ներկայացնում: Քանի որ նման առաջարկ մեզ չի եղել, հարցին պատասխանելու կարիք էլ չկա»,- նշել է Հովհաննիսյանը:
Վերջինս նշել է, որ եթե նման դիմում լինի, ՀՅԴ-ում կքննարկեն: «Թե քննարկման արդյունքում ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել»,ասել է Հովհաննիսյանը: Նա նաեւ հրաժարվել է ասել, արդյոք կշահի՞, թե՞ կտուժի դաշնակցությունը նման զարգացումից: «Քանի դեռ նման զարգացում չկա, որեւէ բան ասել չեմ կարող»,- նկատել է նա:




























