Ռուսաստանում ընթացող փոփոխությունները կարող են որոշակիորեն ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, սակայն դրանք շրջադարձային բնույթ չեն կրի: Այդ մասին, սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՌԴ-ում նախագահի պաշտոնը Մեդվեդեւից Պուտինին փոխանցելու որոշումը: 

«Այն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, ռուսական ընդդիմադիր շրջանակները համարում են անթույլատրելի, քանի որ նախագահից նախկին նախագահին իշխանություն է փոխանցվել, եւ հասարակության կարծիքը մղվում է երկրորդ պլան: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում էլ նման բան եղել է»,- նշել է դաշնակցական գործիչն ու հավելել. «Ես չեմ կարծում, որ Մեդվեդեւը կամ Պուտինը  լինելով ՌԴ նախագահ, կարող են էական փոփոխություն առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Վերջապես մեր ձգտումը սեփական ուժերով սեփական նախագահին ընտրելն է առանց այլոց միջամտության»:

Ըստ Հովհաննիսյանի, արտաքին քաղաքականության մեջ կարող են որոշ նրբերանգներ փոխվել: «Բայց ի վերջո չպետք է մոռանալ, որ օգոստոսյան պատերազմը Վրաստանում տեղի ունեցավ Մեդվեդեւի նախագահության ժամանակ: Այն, որ Պուտինն Արեւմուտքում ընկալվում է որպես ավելի կոշտ գործիչ, ակնհայտ է: Դա նկատվում է թե ամերիկյան կոնգրեսականների ելույթներում, թե եվրոպական գործիչների: Չեմ կարծում, որ փոփոխությունները կկրեն դրամատիկ կամ  շրջադարձային բնույթ»,- ամփոփել է Վահան Հովհաննիսյանը: