Հայտնի ավազակային խումբը, սեպտեմբերի 23-ին, պլանավորել էր հերթական ավազակային հարձակումն Այգեստան թաղամասում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: 

Ըստ ոստիկանապետի` ճիշտ էր, որ ոստիկանության աշխատակիցները չեն սպասել ծրագրված հարձակման վայրում, այլ վնասազերծման գործողություններն ավելի շուտ են սկսել: «Բարին այդ էր, որ այդպես կանխվեց: Կարող էինք սպասել դեպքի վայրում, բայց փոխադարձ կրակոցներ կլինեին, ավելի վատ կլիներ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նա նաեւ ասաց, որ Այգեստանում պլանավորված հարձակման ձեռագիրը գրեթե նույնությամբ կրկնում է նախկին 4 հարձակումների ձեռագիրը, անգամ ժամն է համընկնում: Ա. Սարգսյանը հիշեցրեց, որ առաջին հարձակումը նրանք իրականացրել են Մալաթիայի ոսկու տոնավաճառի աշխատակիցների վրա, այնուհետ նույն ձեռագիրն է եղել Նոր Նորքի նախկին թաղապետի վրա կատարած հարձակման ընթացքում, ինչից էլ եզրակացվել է, որ գործում է միեւնույն հանցագործ խմբավորումը: Այս պահի դրությամբ, նրանք մեղադրվում են 4 ավազակային հարձակումների մեջ:

Ոստիկանությունն ունի բավարար ապացույցներ նրանց հանդեպ մեղադրանքն ապացուցելու համար, սակայն, ըստ Ա. Սարգսյանի, իրեղեն ապացույցները դեռեւս բավարար չեն: «Ափսոս, որ չեք կարող հետեւել նրանց հարցաքննության ընթացքին, այնպես են իրանց պահում, կարծես սուրբ լինեն, նրանց լսելով` չեք էլ պատկերացնի, որ հանցագործ են»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով` ձերբակալվածները երկար ժամանակ եղել են կալանավայրերում, ամեն բառի համար պատասխանատվություն են կրում, ու դժվարությամբ են խոսում: Սակայն քննիչներին հաջողվել է առերեսումների, հարցաքննությունների միջոցով նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզել: Քննության ընթացքը հասել է այնտեղ, որ հիմա ոստիկանությունը փորձում է պարզել, թե գողոնն ինչպես է բաշխվել, ով ինչքան եւ ինչ է վերցրել այդ գողոնից: Ըստ Ա. Սարգսյանի` գողոնը միայն ոսկի է, կանխիկ փող եւ նկարներ, ինչը բարդություններ է ստեղծում դրանք հայտնաբերելու հարցում: