Նախագահ Ջո Բայդենը կրճատել է Ասիա կատարելիք այցի ծրագիրը. նա ավելի շուտ է վերադառնալու Վաշինգտոն, քան նախատեսված էր, որպեսզի շարունակի բանակցությունները հանրապետականների ղեկավարների հետ եւ կանխի ԱՄՆ պոտենցիալ աղետալի պարտքային դեֆոլտը, երեքշաբթի տեղեկացրել են Սպիտակ տանը։

Չորեքշաբթի Բայդենը կմեկնի Ճապոնիա՝ G7-ի գագաթաժողովին, սակայն այնտեղից չի մեկնի Պապուա-Նոր Գվինեա եւ Ավստրալիա։ Այդ ուղեւորությունները չեղարկվել են Վաշինգտոն նախագահի շուտափույթ վերադարձի անհրաժեշտության հետ կապված։

«Նախագահ Բայդենը կիրակի, G7-ի ավարտից հետո, կվերադառնա Միացյալ Նահանգներ, որպեսզի շարունակի բանակցությունները Կոնգրեսի ղեկավարների հետ եւ երաշխավորի, որ Կոնգրեսը սահմանված ժամկետում միջոցներ կձեռնարկի դեֆոլտի կանխման համար,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։- Նախագահը եւ իր թիմը կշարունակեն աշխատել Կոնգրեսի ղեկավարության հետ, որպեսզի բյուջետային համաձայնագիր կնքեն, որը կարող է ստորագրվել նախագահի կողմից»։

G7-ի գագաթաժողովից հետո Բայդենը պետք է մասնակցեր Սիդնեյում կայանալիք Անվտանգության քառակողմ երկխոսությանը, որին մասնակցելու են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ճապոնիան եւ Հնդկաստանը։

Սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը զանգահարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին, որպեսզի տեղեկացնի նրան, որ այցը չեղարկում է, եւ նրան պետական այցով հրավիրել է Վաշինգտոն։ Այցի ժամկետի մասին առայժմ չի տեղեկացվել։

Բայդենը նաեւ պետք է մեկներ Պապուա-Նոր Գվինեա՝ ԱՄՆ գործող նախագահի երկիր առաջին «պատմական» այցի շրջանակում։