Հայաստանի եւ Բելառուսի խաղաղ հարաբերությունները մնացել են անցյալում. Մինսկն այժմ բարեկամություն է անում ոչ թե Երեւանի, այլ Բաքվի հետ: Այդ մասին վերլուծական հոդվածում ներկայացնում է «Belarus Digest» կայքը: Անմիջական հարեւաններից բացի, Բելառուսը հետխորհրդային տարածքում սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ: Ադրբեջանը դարձել է Մինսկից զենք գնող գլխավոր հաճախորդը: Շեղվելով ռուսական գծից` Լուկաշենկոն սկսեց ընկերություն անել Յուշչենկոյի, Սահակաշվիլիի եւ Իլհամ Ալիեւի հետ: Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի ծավալը 2008-ի 100 միլիոն դոլարից 2010-ին հասել է 146 միլիոն դոլարի: Բաքուն Բելառուսին օգնում է ստանալ նաեւ նավթի այլընտրանքային աղբյուրներ:
Մինսկի հետ աշխատելու լրացուցիչ խթան է Բելառուսի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ղարաբաղում նոր պատերազմ սկսվելու դեպքում Բելառուսն ամենայն հավանականությամբ կլինի Բաքվի հետ, որը բելառուսական զենքի գլխավոր գնորդն է: Իսկ Հայաստանը միայն մեկ անգամ է Բելառուսից փոքր քանակի զենք գնել 2007 թվականին:
«Belarus Digest»-ը գրում է, որ Բելառուսի եւ Ադրբեջանի դաշինքն արդեն իրականություն է: Բաքուն անթաքույց պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը նաեւ Արեւմուտքում, մասնավորապես, ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայում եւ Եվրանեսթում:




























