Հանրապետության տարածքը սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, ամպրոպների ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ մինչեւ 20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 2-ին ցիկլոնը կտեղափոխվի արեւելք, հանրապետությունը կներգրավվի անտիցիկլոնային դաշտի մեջ եւ տեղումներն ամենուրեք կդադարեն։

«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, սեպտեմբերի 30-ին այն էապես չի փոխվի՝ ցերեկային ժամերին ամպամածությամբ պայմանավորված նվազելով 1-2 աստիճանով։ Իսկ արդեն հոկտեմբերի 1-ից հյուսիս-արեւմուքից ներթափանցելու են արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում այդ օրը ցերեկը հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանի 4-6 աստիճանով անկում է սպասվում։ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանի 3-5 աստիճանի նվազում սպասվում է նաեւ հոկտեմբերի 2-ի գիշերը»,- նկատեց Սուրենյանը։

Նրա խոսքով, մայրաքաղաքում սեպտեմբերի 30-ին ու հոկտեմբերի 1-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ «Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին գիշերը կտատանվի 10-12, ցերեկը՝ 21-23-ի աստիճանի սահմաններում, իսկ արդեն հոկտեմբերի 1-ին գիշերը սպասվում է 8-10, ցերեկը՝ 16-18 աստիճան տաքություն»։