Եվրախորհրդարանն իր սեպտեմբերի 29-ին ընդունած բանաձեւում ճանաչում է պաղեստիցիների` իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքի լեգիտիմությունը:

«Պաղեստինցիների ինքնորոշման ու սեփական պետությունն ունենալու իրավունքը կասկած չի հարուցում: Նաեւ չի կարող կասկածի տակ դրվել Իսրայելի` իր սահմաններում անվտանգություն ապահովելու իրավունքը»,-ասված է Եվրախորհրդարանի բանաձեւում:

Միաժամանակ, ամփոփիչ փաստաթղթում ընդգծվում է, որ Պաղեստինի պետությունը կարող է ստեղծվել միայն երկկողմ բանակցությունների արդյունքում: Նշվում է նաեւ, որ Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ համաձայնագրի հիմքում պետք է լինեն 1967 թվականի սահմանները: Փաստաթղթում ասվում է, որ Երուսաղեմը պետք է դառնա երկու երկրների մայրաքաղաքը:

Եվրախորհրդարանը կոչ է արել Իսրայելին ամբողջությամբ դադարեցնել Սամարիայում եւ Արեւելյան Երուսաղեմում ընթացող շինարարությունը: Պաղեստինից Եվրախորհրդարանը պահանջել է դադարեցնել Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Բանաձեւում կողմերին կոչ է արվում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին է փոխանցել պաշտոնական հայտը, որով առաջարկում է ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամություն տրամադրել: «Ես կոչ եմ անում գլխավոր քարտուղարին մեր հայտը ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ հարգարժան անդամներին կողմ քվեարկել ՄԱԿ-ին մեր լիիրավ անդամակցությանը: Ես նաեւ կոչ եմ անում պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել, անեն դա»,- հայտարարել է Աբասը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: