Ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս) մտադիր է ներկայացնել օրինագիծ՝ ուղղված Ռուսաստանի եւ Իրանի ռազմատեխնիկական համագործակցության դիմակայությանը՝ պատժամիջոցների միջոցով։ Այս մասին օրենսդիրը հայտարարել է Վաշինգտոնում, Հուդզոնի ինստիտուտում ունեցած ելույթում։

«Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը մասշտաբային է, այն խորանում է։ [Նախագահ Ջո] Բայդենի վարչակազմը անգամ չի փորձում դիմակայել դրան»,- ասել է սենատորը։

«Ահա թե ինչու ես հիմա աշխատում եմ, որպեսզի ապահովեմ այն օրինագծի աջակցությունը, որը կպարտավորեցնի Բայդենի վարչակազմին դիմակայել Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությանը մի շարք ուղղություններում»,- ասել է Քրուզը։ Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է «պատժամիջոցների կիրառում բանկերի, նավթային լցանավերի, ինքնաթիռների, օդանավակայանների, նավերի եւ նավաշինարանների հանդեպ», որոնք Ռուսաստանը եւ Իրանն իբր օգտագործում են ռազմատեխնիկական համագործակցությունում։

Ինչպես նշել է սենատորը, օրինագիծն ուղղված է «միլիարդավոր դոլարների արգելափակմանը, որոնք Իրանն ունի արտասահմանում»։ Ըստ Քրուզի՝ խոսքն այն մասին է, որ Թեհրանը չի ստանա այդ միջոցները, եթե ատոմի վերաբերյալ «եւս մեկ գործարք կնքի»։