Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է ընկալել որպես Ֆյոդոր Դոստոեւսկու ստեղծագործությունների հերոսի, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ Նա իր դատողությունները ներկայացրել է Economist պարբերականի հարցազրույցում։

Քիսինջերի խոսքով՝ Ռուսաստանը եւ Եվրոպան երկակի հարաբերություններ ունեն. մի կողմից՝ Մոսկվան եվրոպական երկրներից վտանգ է զգում, մյուս կողմից՝ Եվրոպայի հետ  ինքնատիպ մշակութային կապեր ունի։

ԱՄՆ նախկին քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է շփվել եվրոպական մշակույթի հետ, բայց իրեն ընկալում է որպես «երրորդ Հռոմ»։

Ռուսաստանի նախագահին պետք է ընկալել որպես Դոստոեւսկու հերոսի՝ «իր հակասություններով ու սեփական ժողովրդի վերաբերյալ կասկածներով»,- ասել է Քիսինջերը։

Հունվարին Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը չի ցանկանում հրաժարվել համաշխարհային մշակույթից։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի գերմանացի կոմպոզիտորներ Բախից եւ Բեթհովենից կամ ամերիկացի գրող Օ՛Հենրիից։ «Դե, թող նրանք ապրեն առանց Չայկովսկու, առանց Դոստոեւսկու եւ Տոլստոյի, իսկ մենք առանց համաշխարհային կլասիկայի չենք ապրելու»,- հավաստիացրել է նա։