Առաջիկա հինգ ամիսները որոշիչ կլինեն Ուկրաինայում հակամարտության ելքի համար եւ Կիեւի համար իրավիճակը փոխելու վերջին իրական հնարավորությունը, կարծում են ԱՄՆ-ում, գրում է The Financial Times թերթը։
«Վաշինգտոնն առաջիկա հինգ ամիսները վճռորոշ է համարում հակամարտության ելքի համար եւ Կիեւի համար իրավիճակը տեղում փոխելու վերջին իրական հնարավորությունը»,-գրում է թերթը՝ հղում անելով մի շարք դաշնակիցների, որոնք Ուկրաինայի հարցով կանոնավոր շփումներ են պահպանում ԱՄՆ-ի հետ։
Կիեւի դաշնակիցների շրջանում մտավախություններ են հնչում, որ Կիեւին ռազմական աջակցության մակարդակը շուտով կհասնի առավելագույնին, եւ արդեն հաստատված փաթեթները կբավականացնեն ընդամենը հինգ ամիս, նշում է FT-ն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում խոսակցություններ են շրջանառվում, որ ստեղծված իրավիճակը Կիեւին հնարավորություն է տալիս բանակցություններ սկսել։ Պարբերականը գրում է, որ Կիեւին ուղղված ուղերձն այն է, որ այն ամենը, ինչ ստացել է Ուկրաինան, լավագույնն է, որ կունենա։ Եվրոպական աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ բյուջեն «այլեւս ճկունություն չունի շարունակելու չեկեր դուրս գրել, իսկ եվրոպական զենքի գործարաններն աշխատում են ողջ ուժով»։





























