ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը) նաեւ դեսպան Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) Վարշավայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն միտված հետագա քայլերը:
Համանախագահները հաստատել են Դովիլում, մայիսի 26-ին, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի հայտարարության մեջ արտացոլված հավատարմությունն օգնել կողմերին` հասնելու նման կարգավորման: Համանախագահները ներկայացրել են առաջիկա ամիսների աշխատանքի իրենց ծրագիրը, ընդհուպ մինչեւ Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որ կայանալու է դեկտեմբերին: Նրանք շարունակելու են աշխատել կողմերի հետ` գծելու նրանց ներկայիս տարաձայնությունները Հիմնարար սկզբունքների շուրջ, որպես խաղաղ համընդգրկուն կարգավորման հիմք:
Համանախագահները նաեւ կողմերին լրացուցիչ միջոցներ են առաջարկելու` միտված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղում մթնոլորտի բարելավմանը եւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության աջակցմանը:
Համանախագահները մտադիր են առաջիկայում կրկին այցելել տարածաշրջան` այդ աշխատանքի պլանն ի կատար ածելու համար»:




























