Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա այցը Հայաստան եւ Փարիզում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին նրա մասնակցությունը թուրքական Hurriyet-ին ենթադրել է տալիս, որ Սարկոզին անցել է գրոհի՝ վերականգնելու ֆրանսահայերի հետ վատացած հարաբերությունները։
Թուրքական պարբերականը նշում է, թե Սարկոզին արգելակել էր Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի ընդունումը Սենատի կողմից, որից հետո ֆրանսահայերի հետ հարաբերությունները վատթարացել էին։
«Սարկոզին հայկական Սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնելու համար անցել է գրոհի՝ չփչացնելով նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Փարիզում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված եւ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ համերգին Սարկոզին նստել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողքին»,-գրում է Hurriyet-ը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայում ապրող մոտ 500 հազարանոց հայկական Սփյուռքը հայտնել է, որ նախագահական ընտրություններում աջակցելու է սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդին։




























