Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թաղումը եւ հայտարարված սգո շրջանը բրիտանական կառավարության վրա մոտ 162 մլն ֆունտ (202 մլն դոլար) է նստել։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով թագավորության ֆինանսների նախարարության տվյալներին։

Եղիսաբեթ II-ը մահացել է 2022թ. սեպտեմբերի 8-ին 97 տարեկանում։ Մեծ Բրիտանիայում այդ առիթով 10-օրյա ազգային սուգ է հայտարարվել։

Ներկայացված տվյալների համաձայն՝ թաղման եւ դրա հետ կապված միջոցառումների համար ամենամեծ գումարը վճարել է Բրիտանիայի ՆԳՆ-ն՝ 74 մլն ֆունտ սթեռլինգ (92 մլն դոլար)։ Այնուհետեւ մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի նախարարությունն է՝ 57,4 մլն ֆունտ (71 մլն դոլար)։

Թագուհու թաղման համար միջոցներ են տրամադրել նաեւ Շոտլանդիայի (երկիրը վճարել է մյուսներից ավելի շատ), Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունները։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրների ծախսերը լիովին փոխհատուցվել են։

Ինչպես տեղեկացրել են ազգային ոստիկանության պետերի խորհրդում, թագուհու թաղումը ամենախոշոր ոստիկանական գործողությունն է եղել մայրաքաղաքի ոստիկանության համար։