G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի ակտիվների սառեցումն իրենց իրավասություններում այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Կիեւին ուկրաինական հակամարտությունից հասցված վնասը: Այս մասին ասվում է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ G7-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում Ռուսաստանի սուվերեն ակտիվների ամբողջական հաշվառման համար։ Մենք հաստատում ենք, որ մեր համապատասխան իրավական համակարգերի համաձայն՝ Ռուսաստանի սուվերեն ակտիվները մեր իրավասություններում կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել Ուկրաինային հասցված վնասի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

G7-ը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության ֆինանսական հատվածի դեմ, բայց կպահպանի ֆինանսական ուղիները անհրաժեշտ գործարքների համար: «Մենք կաշխատենք հետագայում սահմանափակել Ռուսաստանի կողմից միջազգային ֆինանսական համակարգի օգտագործումը Ուկրաինայում պատերազմի համար»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաեւ, որ G7-ի երկրները միջոցներ կձեռնարկեն երրորդ երկրներում ռուսական բանկերի մասնաճյուղերի օգտագործումը կանխելու համար՝ պատժամիջոցներից խուսափելու համար: