Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը եւ Ֆինլանդիայի վարչապետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները տպավորիչ են: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի լիագումար նիստին:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: