Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ այս պահին երկրում ամենահեղինակավոր քաղաքական գործիչը վարչապետ Վլադիմիր Պուտինն է:
«Ինձ, իհարկե, հաճելի է գիտակցել, որ ներկա նախագահի հանդեպ պահպանվում է վստահության բավական բարձր մակարդակ, նա ներկա վիճակի համար ունի բավական մեծ ընտրական վարկանիշ, բայց մյուս կողմից, ես ուշադրություն եմ հրավիրում նրա վրա, որ Վլադիմիր Պուտինն, անկասկած, այս պահին երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է եւ նրա վարկանիշը մի փոքր բարձր է»,- ասել է Մեդվեդեւը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը 2012-ի նախագահական ընտրոթյուններում առաջադրելու Պուտինի թեկնածությունը:
Ռուսական «Առաջին», «Ռոսիա» եւ HTB հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մեդվեդեւը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ իրեն «պատեպատ տալ» կամ պայքարի մեջ մտնել վարչապետի հետ` նախագահի աթոռի համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշվել է ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, իսկ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ նշանակել գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Հայաստանի համար, ըստ էության, կարեւոր չէ, Պուտի՞նը, թե՞ Մեդվեդեւը կլինի Ռուսաստանի նախագահ, քանի որ այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու:
Այդուհանդերձ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Պուտինի նախագահ դառնալով, ԼՂ հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդառնա ավելի պրագմատիկ եւ իրականությանը մոտ:
«Եթե համեմատենք Մեդվեդեւի շրջապատի ներկայացուցիչների այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան, ապա կտեսնենք, որ Բաքուն այդ գործում հաջողություններ ունի», - նշեց Զատուլինը` վստահություն հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի:
Քաղաքագետի կարծիքով Պուտինի վերադարձը չի ենթադրում ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, բայց դրական երանգներ կհաղորդի:




























